ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Վերացել է «տանիք» հասկացությունը, բայց դա չի նշանակում, որ զանգվածաբար զբաղվելու են բիզնեսով»

«Վերացել է «տանիք» հասկացությունը, բայց դա չի նշանակում, որ զանգվածաբար զբաղվելու են բիզնեսով»
22.02.2019 | 03:28

Ընդամենը 5 տարեկան Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիան գնալով ընդլայնում է իր նկատմամբ զարգացած երկրների վստահությունն ու ճանաչումը։ Կառույցին անդամակցում են Հայաստանի որոշ բանկեր և կազմակերպություններ, ավելին, Երևանում այն ակտիվ գործում է։ Ո՞րն է այս ասոցիացիայի նպատակը և այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ արդյունքներ են գրանցվել ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ-ում ներկայացուցչության ղեկավար ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ։

-Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիան հիմնադրվել է 2013-ի սեպտեմբերի 11-ին և իրենից ներկայացնում է տարբեր երկրների բանկերի, միությունների և այլ ֆինանսական կառույցների համալիր: Ասոցիացիայի նպատակն է ազգային ֆինանսական շուկաների մասնակիցների, ասոցիացիայի անդամների պահանջների իրացումը, Եվրասիայի տարածքում էֆեկտիվ գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմանների կազմակերպումը: Ասոցիացիայի հետաքրքրությունների ոլորտներն են՝ փոքր և միջին բիզնեսը, առևտրային բանկերը, մասնավոր կապիտալը և պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը: Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիան նպաստում է իր անդամների շահերից բխող եվրասիական ֆինանսատնտեսական ինտեգրացիային հետևյալ ուղղություններով՝ միջբանկային կոմունիկացիաների կառուցում ֆինանսաբանկային ուղեկցման համար, ներդրումային նախագծերի ստեղծում, ասոցիացիայի անդամներին խորհրդատվության և այլ ծառայությունների մատուցում, գիտական կոնֆերանսների, ֆորումների, կլոր սեղանների կազմակերպում և անցկացում հրատապ թեմաներով:
Ինչ վերաբերում է արդյունքներին, կուզենայի ճշտում մտցնել. մենք գործում ենք Հայաստանի տարածքում ընդամենը մեկ տարի և մեկ ամիս: Այդ կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, փորձում ենք բարձրացնել մեր կառույցի ճանաչելիությունը: Մեր երկիրն իր այսօրվա խնդիրներով գուցե այնքան էլ պատրաստ չէ ինտեգրվելու ասոցիացիային, բայց մենք աշխատում ենք եվրասիական բանկերի շրջանում հայաստանյան բանկերի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Մեկ-մեկ էլ մեզ հաջողվում է ստեղծել կապեր տարբեր կառույցների միջև և ոչ միայն ֆինանսաբանկային: Մասնավորապես, վերջերս մեզ ներկայացրել էին երկու-երեք գործարարի ՌԴ-ից, որոնք զբաղվում են ձկան կերի արտադրությամբ և խնդրել էին մեզ տրամադրել տեղեկություն ձկնաբուծությամբ զբաղվող հայաստանյան կառույցների մասին, որոնք բավականին շատ են: Մեր տեղեկություններով, դա հանգեցրեց նրան, որ Հայաստանի համապատասխան ընկերությունները սկսեցին կեր գնել ՌԴ-ից ավելի էժան ու որակով: Սա` որպես օրինակ:
-Ի՞նչ դեր է ունեցել ասոցիացիան հայաստանյան բանկերի վարկանիշի բարձրացման հարցում։
-Ամեն տարի ասոցիացիայի անդամ երկրների բանկերի միջև, որոնք մի քանի հազար են, անցկացվում են մրցույթներ, և մենք այդ մրցույթներին մասնակցության համար 2017-ի արդյունքներով ուղարկել ենք Արարատբանկի տվյալները, իսկ 2018-ին՝ Ինեկոբանկի, որոնք տվյալ տարվա արդյունքներով արժանացել են 2-րդ, չափազանց պատվավոր արծաթե մրցանակի՝ գավաթի: Այդ արդյունքները տարածվել են ասոցիացիայի բոլոր անդամ երկրների բանկային համայնքներում, ինչպես և լրատվամիջոցներում: Բացի այդ, 2018-ին Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն արժանացել է չափազանց պատվավոր բրոնզե մրցանակի՝ գավաթի: Միանշանակ, Հայաստանի բանկային համակարգի համար այդ փաստը չափազանց պատվավոր է և խոսում է մեր բանկային համակարգի վարկանիշի բարձրացման ու զարգացման մասին, որովհետև մեր, այսպես ասած, փոքր բանկերը ոտք են գցում խոշորագույն բանկերի հետ:
-Քանի՞ երկիր է անդամակցում այս ասոցիացիային, ավելացե՞լ է անդամ երկրների թիվը։
-Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիան ընդգրկում է մոտ 20 երկրների բանկային միություններ, ասոցիացիաներ և այլ խոշոր կառույցներ, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ռուսաստանը և այլ երկրներ, որոնց տարածքը զբաղեցնում է երկրագնդի մեկ երրորդը, բնակչությամբ էլ՝ աշխարհի կեսը: Անցած տարի ասոցիացիային անդամակցել է նաև Ֆրանսիան:
-Թեև Դուք ուղղակիորեն չեք առնչվում Հայաստանի բանկային և տնտեսական համակարգերի հետ, այնուհանդերձ, Ձեր ձեռքը «զարկերակի» վրա է։ Ըստ Ձեզ, վերջին ինն ամիսներին տնտեսական դաշտում տեղի ունեցող գործընթացներից կարելի՞ է ենթադրել, որ 2019-ին կտրուկ տնտեսական աճ կապահովվի, թե՞ այնուամենայնիվ որոշակի հետընթաց կլինի։
-Իհարկե, 9 ամսվա ընթացքում տնտեսական հեղափոխություն իրագործելը հնարավոր չէ, դա պատրանք է, չնայած խիստ ցանկալի: Որպեսզի երկրում աճ լինի, պետք է կատարել քաղաքական, տնտեսական, ֆինանսական լուրջ քայլեր, որոնք Հայաստան կբերեն ներդրումներ, առանց որոնց հնարավոր չէ քիչ թե շատ բարելավել տնտեսական վիճակը: Խոսքը հենց խոշոր արտասահմանյան ներդրումների մասին է: Մյուս կողմից, իշխանությունները պետք է տնտեսական և քաղաքական հոտառություն ունենան և չգնան այնպիսի քայլերի, որոնք կխանգարեն այդ գործընթացին: Եվ վերջապես, պետք է լուծել մեր երկրի ցավոտ խնդիրը՝ հմուտ կադրերի պակաս պետական կառավարման համակարգում: Պետք չէ անտեսել «հին», բայց բանիմաց, գրագետ կադրերին:
Իհարկե, կառավարությանն արդեն հաջողվել է հասնել նրան, որ մուտքը շուկա ազատ է բոլորի համար, վերացվել է «տանիք» հասկացությունը, ինչը, սակայն, չի նշանակում, թե բոլորը զանգվածաբար զբաղվելու են բիզնեսով (դրա համար պետք է ունենալ հատուկ կարողություններ և ունակություններ): Իսկ կառավարության նպատակը՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր, ինչքան էլ գովելի է, պահանջում է տարիների քրտնաջան աշխատանք, քանի որ տնտեսական կառուցվածքը շատ իներցիոն է և արագ չի փոփոխվում: Եվ վերջապես, ինչ վերաբերում է արտահանում/ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, կարծում եմ, դա միանգամայն հնարավոր է, քանի որ վերջին տարիներին արտահանումը Հայաստանից աճում է բավականին կայուն ձևով` 2018-ի արդյունքներով հատելով 2,4 մլրդ դոլարի սահմանը:
Ամեն դեպքում, խոսել երկնիշ տնտեսական աճի մասին, կարծում եմ, ժամանակավրեպ է, բայց կառավարության գրագետ և հաշվարկված քայլերի պարագայում հնարավոր կլինի հասնել չափավոր տնտեսական աճի: Միայն «տնտեսական հեղափոխություն» քարոզելով արդյունքի չես հասնի:


Հարցազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ